6 ապրիլի 2026 - 13:42 AMT
ՊՊԾ պետ․ Եկեղեցում միջադեպի ժամանակ ծառայողների գործողություններն անհրաժեշտ և բավարար էին

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՊՊԾ ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար, հայտնել է ծառայության պետ Արթուր Գասպարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:

«2026 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում պետական պահպանության օբյեկտի նկատմամբ քաղաքացու ոտնձգությունը կանխելու ընթացքում ՊՊԾ ծառայողների գործողությունները եղել են անհրաժեշտ և բավարար՝ ուղղված լինելով պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգը կանխարգելելուն, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելուն և վտանգավոր հետևանքների առաջացումը կանխելուն»,- հայտնել է Գասպարյանը։

ՊՊԾ պետն ընդգծել է՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման, վերջիններիս ուղղված սպառնալիքները չեզոքացնելու և ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայությանծառայողները, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն, իրավունք ունեն ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կիրառելու Օրենքով նախատեսված կարգով և դեպքերում:

Մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ արձանագրվել է միջադեպ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս, անցնելով խիտ կանգնած մարդկանց միջով, նրանցից մեկն ասել է ճանապարհ բացող թիկնապահին՝ «տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձել է հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգել է հանգիստ մնալ։ Ձեբակալությունները տեղի են ունեցել եկեղեցու բակում: Երկվորյակներից Միքայել Մինասյանի և Գևորգ Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է երկու ամսով։

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատողը Սուրբ Աննա եկեղեցում հարվածում կալանավորված 18-ամյա Դավիթին։ Նա նույն անվտանգության աշխատակիցն է, ով Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագի ժամանակ փակել էր երիտասարդի բերանը, ով ասել էր, որ կարգալույծն իրավունք չունի պատարագ մատուցելու։