23 հունիսի 2009 - 20:55 AMT
ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցելու է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի համաժողովին
Հունիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աստանա (Ղազախստան)` Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովին մասնակցելու են եվրոատլանտյան տարածաշրջանի երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ, ՆԱՏՕ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների գլխավոր քարտուղարներ ու բարձրաստիճան այլ անձինք:

Նախատեսվում է կարծիքներ փոխանակել անվտանգությանն առնչվող տարբեր արդիական հարցերի, այդ թվում` էներգետիկ անվտանգության եւ Հարավային Կովկասում կայուն միջավայրի ձեւավորման շուրջ:

Այցի շրջանակներում նախատեսվում է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Ղազախստանի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մուխտար Ալտինբաեւի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցության հարցեր: