11 ապրիլի 2026 - 13:09 AMT
Հայկ Սարգսյանն առաջարկել է խստացնել թմրամիջոցների իրացման համար պատիժները

Պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները: Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում։

Հեղինակը տեղեկացրել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության որոշ դեպքերի համար մի շարք երկրներում անգամ մահապատիժ է սահմանված, որոշներում էլ՝ ցմահ ազատազրկում:

Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ․ 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է 1707 դեպք, 2023-ին՝ 4556, 2024-ին՝ 3485, իսկ 2025-ին՝ 4172։ Սարգսյանը նշել է, որ իրավիճակը պահանջում է խստացնել պետության արձագանքը՝ այն համապատասխանեցնելով հանցանքի վտանգավորությանը։

Նախաձեռնությամբ առաջարկվել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներում որպես ծանրացնող հանգամանք սահմանել տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը։ Օրինակ՝ եթե թմրամիջոցների իրացումը կատարվի տելեգրամյան ալիքներով, պատիժը 3-6 տարվա փոխարեն նախատեսվում է սահմանել 4-8 տարի։

Առաջարկվել է նաև ծանրացնող հանգամանքների շարքում ներառել անօգնական վիճակի օգտագործումը՝ նույն կերպ բարձրացնելով պատժաչափը 3-6-ից մինչև 4-8 տարի։ Առանձնապես ծանրացնող հանգամանք է առաջարկվել սահմանել անչափահասների ներգրավմամբ կատարված արարքները, որոնց դեպքում պատիժը 3-6 տարվա փոխարեն կդառնա 6-12 տարի։

Բացի այդ, առաջարկվել է խստացնել նաև թմրամիջոցների արտադրության, պատրաստման, վերամշակման, ձեռքբերման, պահման, տեղափոխման, առաքման, տարածման, գովազդման և ապօրինի իրացման համար նախատեսված պատիժները՝ 3-6 տարվա փոխարեն սահմանելով 5-8 տարի։ Նույն արարքները, եթե կատարվեն խմբով, շահադիտական դրդումներով, խոշոր չափերով կամ որոշակի վայրերում, ինչպես նաև տեխնոլոգիաների կիրառմամբ, գործող 4-8 տարվա փոխարեն նախատեսվել է սահմանել 8-12 տարվա ազատազրկում։

Առանձնապես ծանր դեպքերում՝ հանցավոր կազմակերպության կողմից, առանձնապես խոշոր չափերով կամ անչափահասի ներգրավմամբ կատարված արարքների համար առաջարկվել է սահմանել 4-20 տարվա ազատազրկում կամ ցմահ պատիժ։

Նախաձեռնությամբ նախատեսվում է նաև խստացնել չիրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար պատասխանատվությունը։ Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագիծը ավելի քան մեկ տարի քննարկվել է կառավարության գործընկերների հետ, և գործադիրի առաջարկների մեծ մասը ընդունվել է։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այն հարցին, թե արդյոք պատժաչափերի խստացումը արդյունավետ միջոց է կախվածության դեմ պայքարում։ Սարգսյանը նշել է, որ խստացումը միտված է կանխարգելմանը։

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ միայն պատժամիջոցների խստացմամբ խնդիրը չի լուծվում, և միջազգային փորձը ցույց է տվել, որ դա միշտ չէ, որ հանգեցնում է հանցագործությունների նվազմանը։ Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ այս փուլում աջակցում է նախագծին՝ կառավարության առաջարկներով։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը պարզաբանել է, որ կառավարության դիրքորոշումը պատժաչափերի խստացման դեմ չէ ընդհանրապես, և ներկայացրել է գործադիրի առաջարկները։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել նախագծի՝ կառավարության առաջարկներով լրամշակված տարբերակին։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ առաջին և երկրորդ ընթերցումների միջև նախատեսվում է շարունակել քննարկումները՝ պետական մարմինների մասնակցությամբ՝ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով։