13 ապրիլի 2026 - 15:30 AMT
Ռոստոմյան. ՀԱՕԿ անդամներից միայն մեկը որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը

ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, «որոշել է խոչընդոտել կոմիտեի բնականոն աշխատանքը», հայտարարել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով ֆեդերացիայի դատական հայցին, հայտնում է «Առավոտը»:

Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025 թվականի սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները

Նա նշել է, որ հարցի լուծումը տեսնում են իրավական տիրույթում և առաջնորդվելու են իրավական մեխանիզմներով:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ինչպես նաև դրա ղեկավար կազմը, իրենց պարտականություններն ու լիազորություններն իրականացնում են ՀԱՕԿ կանոնադրության և Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի համաձայն։ Ընտրված պաշտոնյաները շարունակում են կատարել իրենց գործառույթները մինչև ՀԱՕԿ Գլխավոր ասամբլեայի առաջին հատուկ նիստի անցկացումը։ Քանի դեռ այդ նիստը չի կայացել, նրանց պաշտոնավարումը շարունակվում է։

Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը նշանակված էր 2026 թվականի ապրիլի 11-ին, ժամը 15:00-ին։ Սակայն ՀԱՕԿ բազմաթիվ անդամներից միայն մեկը՝ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը, ստանալով օրակարգը, որոշել է որևէ առաջարկ չներկայացնել օրակարգային հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ թեկնածությունների մասով, և որոշել է, որ պետք է խոչընդոտի կոմիտեի բնականոն աշխատանքը։

Ստեղծված իրավիճակում կարևոր եմ համարում ընդգծել, որ մենք այս հարցի լուծումը տեսնում ենք իրավական տիրույթում և առաջնորդվելու ենք իրավական մեխանիզմներով։ Մեր իրավաբանների թիմն աշխատում է այս ուղղությամբ և այս հարցի հանգուցալուծումը մեր և մեր մարզաշխարհի օգտին է լինելու։

Ինչ վերաբերում է մարզաշխարհի արձագանքին, կարծում եմ՝ ոլորտի ներկայացուցիչները պետք է այս իրավիճակին մոտենան օլիմպիական հանդարտությամբ ու հանգստությամբ։ Մենք բոլոր իրավիճակներում եղել ենք միասնական և վստահ եմ՝ նույն միասնականությամբ էլ կհաղթահարենք այս ոչ հաճելի փուլը»,-ասել է նա:

Ռոստոմյանը հավելել է, որ ոչինչ չի կարող խաթարել հայ մարզաշխարհի միասնականությունը։