
Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, անդրադառնալով ապրիլի 20-26-ը Տիրանայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, ասել է, որ կփորձի իր 5-րդ ոսկե մեդալը նվաճել ԵԱ-ում:
«Անցկացրել ենք լավ հավաքներ, սա արդեն 5-րդն է։ Գտնվում եմ լավ մարզավիճակում, իսկ թե ինչպես եմ պատրաստվել և ինչի եմ արժանի, ցույց կտա մրցագորգը։ Պատասխանատվությունն էլ ավելի է ծանրանում, երբ Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում ես մեկնում մրցավայր։ Բոլորն ավելի տրամադրված ու պատրաստված են գոտեմարտում քեզ հետ, այդ պատճառով գործը դժվարանում է։ Բայց կփորձեմ ամեն ինչ անել, որ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ Եվրոպայի առաջնությունում։ Իմ քաշային կարգում կան 6-7 ուժեղ մրցակիցներ, որոնք հավակնում են հաղթողի կոչմանը։ Ով ավելի լավ մարզավիճակում կլինի ու ավելի լավ կզգա այդ օրը, նա էլ կհասնի հաղթանակի»,- լրագրողների հետ զրույցում նշել է Մալխաս Ամոյանը, հայտնում է Factor.am-ը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը ամբողջական կազմով։
Թիմում ընդգրկված են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։