20 ապրիլի 2026 - 10:22 AMT
Ֆիդանը հուսով է, որ Բաքու-Երևան խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի:

«Թուրքիան հույս ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս ունի»,-ասել է նա, հայտնում է Report․az-ը:

Ֆիդանը հավելել է, որ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը տնտեսապես շահավետ կլինի:

«Մեր տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման գործում չափազանց կարևոր է։ Քանի որ Հարավային Կովկասում կայունությունը կարևոր է այս միջանցքի անվտանգության տեսանկյունից։ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար շատ կարևոր երթուղի է։ Այս հարցի շուրջ մենք աշխատում ենք նաև Եվրոպական միության հետ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նպաստում է տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանը։ Մենք շատ մոտ ենք դրան», - հավելել է Թուրքիայի նախարարը։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել Հարավային Կովկասում խաղաղության ապահովման ուղղությամբ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։