15 մայիսի 2026 - 18:17 AMT
Օվերչուկ․ Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության

Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Երևանի և Արևմուտքի միջև հնարավոր մերձեցման վերաբերյալ տեղեկություններին։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինչ-որ փուլում ՀՀ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵՄ և ԵԱՏՄ միջև, եթե որոշի դա անել, հայտնում է Interfax-ը:

«Հայաստանը մեզ համար շատ մոտ երկիր է, դաշնակից երկիր է, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի անդամ է։ Մեզ միավորող մարդկային կապերը խորը, շատ լուրջ և վաղեմի են։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ժողովրդին։ Եվ, իհարկե, ինչպես բազմիցս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մենք ըմբռնումով կմոտենանք ցանկացած ընտրության, որը կկատարի Հայաստանի ժողովուրդը»,- ասել է նա «Ռուսաստան-Իսլամական աշխարհ․ KazanForum 2026» միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանում լսում են «Երևանի և Արևմուտքի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի հստակ ազդակները»։

Օվերչուկը շարունակել է, որ Ռուսաստանը բազմիցս նշել է՝ ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում անդամակցությունը անհամատեղելի են, և Հայաստանում նույնպես դա «շատ լավ հասկանում են»։

«Հայաստանի ղեկավարները նույնպես խոսում են այդ մասին՝ նշելով, որ այս երևույթները անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն կատարել այդպիսի ընտրություն, եթե որոշեն գնալ այդ ճանապարհով։ Մեր կողմից նույնպես փորձում ենք գործընկերներին փոխանցել այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ այդ կապակցությամբ։ Ի վերջո, դա նրանց ընտրությունն է»,- ասել է Օվերչուկը։

Նա նաև հիշեցրել է, որ մայիսի 29-ին կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

«Հավանաբար, այնտեղ նույնպես այս հարցը որևէ ձևաչափով կքննարկվի»,- ասել է Օվերչուկը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները: Լավրովը շեշտել է, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները քննարկվելու են մայիսի վերջին Ղազախստանում նախատեսված Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում։ Միևնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը։