
«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հրատապ ասուլիսի ժամանակ հրապարակել է ձայնագրություն, որից, նրա խոսքով, «բացահայտ երևում է, թե ինչպես են պարտադրում ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության նախընտրական քարոզարշավին»։
Թաթոյանը նշել է, որ խոսքը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, հայտնում է Panorama.am-ը:
Նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Արմավիրի մարզում։
Ձայնագրությունում լսվում է. «Երեխեք ջան, բարի երեկո, վաղը ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք։ Երկու կուրսին էլ վերաբերում է։
Հասկանում եմ գյուղերից եկողներ ունենք, խնդիր չկա, մի քանի հոգու բացակայությունը ոչինչ, բայց ովքեր ունեն հնարավորություն գալու, հատկապես քաղաքի բնակիչները, ես էլ եմ գալու, խնդրում եմ՝ ժամը 5-ին հրապարակում։ Ինձ հանձարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարարում։ Այնպես չլինի, որ գնամ, կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ ոչ մեկ չկա իմ երկու խմբից։ Ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ պահեմ, դուք էլ՝ իմ։ Հանձնարարված է նաև, որ մաքսիմալ շատ լինեք»։
Ուսանողները ձայնագրությունում նշել են, որ գիտեն՝ Նիկոլ Փաշինյանն է գալու Արմավիր։
«Ես էլ շատ բան գիտեմ, եկեք չքաղաքականացնենք, ավելորդ ոչինչ չգրենք։ Ասվել է՝ գնում ենք հրապարակ, եղավ։ Ժամը 5-ին հրապարակում։ Ինչքան դժվար ընկալեցիք այն, ինչ ասացի։ Ասացի մի քաղաքականացրեք, ավելորդ բաներ մի գրեք, իմ ու ձեր քննարկելիքը չէ»,- ասել է դասախոսը՝ պատասխանելով ուսանողների արձագանքներին։
«Հայաստան» դաշինքը տեղեկություններ է ստացել, ըստ որոնց՝ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով։
Դաշինքն այդ մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փաստահավաք գործունեություն է սկսում ընտրական հարկադրանքի դեպքերով:
«Հաշվի առնելով իրավական գործընթացներում արձանագրվող կողմնապահությունը՝ ահազանգող անձանց խնդրում ենք, հնարավորության դեպքում, հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։
Ընդգծում ենք, որ պաշտոնեական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ չորսից ութ տարի ժամկետով ազատազրկում։ Կոչ ենք անում պաշտոնատար անձանց զերծ մնալ հանցավոր գործողություններից։
Միևնույն ժամանակ ընտրողներին հիշեցնում ենք, որ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ոչ ոք իրավունք չունի և չի կարող վերահսկել ձեր քվեարկությունը»,-ասվում է հայտարարության մեջ:
Դաշինքը նաև հրապարակել է իրավական թեժ գծի հեռախոսահամար` +374 95 273399 /WhatsApp, Telegram, Viber, Signal/»։