
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում ստուգումներ է իրականացնելու մի շարք հայկական ձեռնարկություններում։
Նշվել է, որ հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ է անցկացնելու այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի՝ ենթադրաբար եվրոպական ծագման արտադրանքի ներկրման կասկածների պատճառով, հայտնում է Sputnik Արմենիան:
Գերատեսչությունում հայտնել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխանի նյութերի նախնական ստուգումն ու վերլուծությունը Ռոսսելխոզնադզորում կասկածներ են առաջացրել արտադրանքի համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։
«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներմուծված ձկներին։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գույն և աննորմալ մեծ քաշ՝ ավելի քան 5․5 կգ: Սա վկայում է ձկան՝ այլ տեսակի սաղմոնազգիների ընտանիքին կամ այլ տեսակի իշխանի պատկանելության մասին, ինչը ապրանքի կեղծման նշան է», - ասված է հաղորդագրությունում։
«Ռոսսելխոզնադզորում» հավելել են, որ սաղմոնի բուծումն ու իրացումը ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է հայտնվել հատուկ տնտեսական միջոցառումների՝ պատժամիջոցների ազդեցության տակ։
Բացի այդ, իսկական հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանք ստանալու նպատակով հայկական կողմի խնդրանքով նախատեսվել է «Ռոսսելխոզնադզորի» ստուգումների իրականացում նաև հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում։
Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի կապակցությամբ։
Գերատեսչությունում հավելել են, որ «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչության ուժերով արդեն ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական վերահսկողությունը, իսկ ընթացիկ տարվա մայիսի 19-ից նախատեսվել է Ռոսսելխոզնադզորի կենտրոնական մարմնից ներգրավել լրացուցիչ մասնագետներ։
Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Հայաստանից արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողությունը խստացվելու է։