25 հունիսի 2009 - 19:15 AMT
Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմրցի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային Վանես Մարտիրոսյանը հունիսի 27-ին իր հերթական մենամարտը կանցկացնի ուկրաինացի Անդրեյ Ցուրկանի հետ: Տաս ռաունդանոց մենամարտը կկայանա հունիսի 27-ին «Latin Fury» իններորդ առաջնության շրջանակներում Ատլանտիկ-սիտիի Boardwalk Hall արենայում եւ կայանալու է նախքան Խուան Մանուել Լոպեսի եւ Օլիվեր Լոնտչիի մենամարտից առաջ:

Վանես Մարտիրոսյանը ծնվել է 1986թ. Հայաստանում` Աբովյան քաղաքում: 4 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվեց եւ մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: 2004-ին 18-ամյա Վանեսն առաջին անգամ ԱՄՆ հավաքականի կազմում մասնակցեց աթենքյան օլիմպիադային: Վերադառնալով Հունաստանից` Վանեսը պայմանագիր կնքեց «Top Rank» պրոմոուտերական ընկերության հետ: Մարտիրոսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսեց հայտնի մարզիչ Ֆրեդդի Ռոաչայի ղեկավարությամբ: Հայ բռնցքամարտիկի առաջին ելույթը պրոֆեսիոնալ ռինգում տեղի ունեցավ ամերիկացի Ջեսսի Օրտայի դեմ, որի հանդեպ հաղթանակով նա տվեց իր անպարտելի մենամարտերի շարքի մեկնարկը:

Ներկա պահին Վանեսի ակտիվում 25 մենամարտերում տարած 25 հաղթանակ է, որոնցից 15-ը` նոկաուտով: Վերջին մենամարտը Վանեսն անցկացրեց 2009-ի մայիսին Օկլենդում դոմինիկացի Հարրիսոն Կուելլոյի հետ: Ութ ռաունդով հաշվարկված մենամարտն ավարտվեց մենամարտի մեկնարկից երկու րոպե անց: Արդեն առաջին ռաունդում մրցավարը տեխնիկական նոկաուտի շնորհիվ տեխնիկական հաղթանակ հաշվեց Մարտիրոսյանին:

Մոտ ապագայում Վանեսը ծրագրում է մրցել իր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: