19 մայիսի 2026 - 13:12 AMT
Վրաստանի հետ համատեղ սահմանային անցակետ կստեղծվի․ ՊԵԿ-ում հարցը քննարկել են ԱԶԲ թիմի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ մայիսի 18-ից մեկնարկել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ համատեղ իրականացվող «Սահմանային անցակետերի արդիականացման և համատեղ հսկողության իրականացման» ծրագրի շրջանակում կազմակերպված եռօրյա աշխատանքային հանդիպումները։

Եռօրյա հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել համատեղ սահմանային անցակետի ստեղծման և գործունեությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ստանդարտ գործառնական ընթացակարգերը, տեղեկատվության փոխանակման և կառավարման համակարգերը, ինչպես նաև համատեղ անցակետի տեխնիկական նախագծին վերաբերող հարցերը։ Վրաց գործընկերների հետ ԱԶԲ-ի կողմից համանման հանդիպում արդեն կազմակերպվել է։

Հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կհանդիսանան Հայաստանի և Վրաստանի միջև համատեղ սահմանային անցման կետի ներդրման վերաբերյալ համաձայնագրի նախագծի մշակման մեկնարկի համար։

Հանդիպումներին մասնակցում են ԱԶԲ ծրագրի թիմի ներկայացուցիչները, ինչպես նաև հայ-վրացական համատեղ օգտագործման սահմանային անցման կետի աշխատանքային խմբի հայկական կողմի անդամները։

Գևորգյանը ընդգծել է, որ համատեղ սահմանային անցակետի ներդրումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն լինելու է հայ-վրացական սահմանին համատեղ հսկողության առաջին անցման կետը։

Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ սահմանահատման գործընթացների վերլուծության և կարիքների գնահատման ուղղությամբ։ Մասնավորապես, ընտրվել է այն հայ-վրացական սահմանային անցակետը, որտեղ նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիրը՝ Գոգավան-Գուգուտի անցակետը։ Քննարկված տարբերակներից նախապատվությունը տրվել է «Միասնական կամ ընդհանուր հարմարություններով» (Integrated Facility) մոդելին։