
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Այդ մասին Երևանում Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս պահից սկսած Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերներ են։ Սա մի ձևաչափ է, որը մեզ հնարավորություն կտա և՛ ավելի լրջացնելու մեր քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը, և՛ ավելի համապարփակ մոտենալու ոլորտային համագործակցությանը»,- նշել է Միրզոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները առաջնահերթ հիմնված են ընդհանուր արժեքների վրա՝ ինքնիշխանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների։ Ըստ նրա՝ այս նույն արժեքներն այսօր թիրախավորվում են տարբեր կենտրոնների կողմից և հիբրիդային սպառնալիքների ներքո են։
Միրզոյանը շեշտել է, որ սա ևս մեկ ոլորտ է, որտեղ երկու երկրները սերտորեն համագործակցում են՝ հասցեագրելու առկա մարտահրավերները։
Բուդրիսը Երևանում է պաշտոնական այցով: