25 հունիսի 2009 - 19:56 AMT
Կայունության պահպանումն ու ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասի համար կենսական խնդիրներ են
«Հայ-վրացական հարաբերությունները հաշվարկվում են դարերով եւ զուր չեն դրանք անվանում պատմական: Մեր ժողովուրդների եւ մշակույթների փոխհարստացումը եւ բարեկամության ավանդույթները, ինչպես նաեւ շատ առումներով ընդհանուր պատմական ճակատագիրը ամուր հիմք են բարիդրացիական հարաբերությունների համար»,- հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնական այցի պատվին կազմակերպված ընդունելությանը: ՀՀ ղեկավարի խոսքով, կայունության պահպանումը եւ ամուր խաղաղության հաստատումը Հարավային Կովկասի բոլոր պետությունների համար կենսական խնդիրներ են:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երկարատեւ գործընկերության հիմքում ընկած են տնտեսական փոխհարաբերությունները: «Այստեղ մենք մեծ ներուժ ունենք, բայց, ցավոք, այն դեռեւս ամբողջությամբ չի օգտագործվում: Թույլ տվեք հույս հայտնել, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի բարձրացնել տնտեսական համագործակցության արդյունավետությունը»,- հայտնել է Սարգսյանը` ավելացնելով, որ այդ համագործակցությունը հատկապես հրատապ է այսօր` գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում:

Երկկողմ հարաբերությունների կարեւորագույն տարրերից Սերժ Սարգսյանն ընգծել է միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը: «Կարծում եմ, այստեղ եւս կան չօգտագործված հնարավորություններ ավելի արգասաբեր համագործակցության համար: Հատկապես կցանկանայի նշել Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը, որը համագործացության նոր հնարավորություններ ու ոլորտներ է առաջարկում, եւ ես վստահ եմ, որ մեր երկրները լիարժեքորեն կօգտագործեն այն` ի շահ մեր ժողովուրդների: Ավելին, մենք կարող ենք եւ պարտավոր ենք Արեւելյան գործընկերության ձեւաչափը ուղղորդել Հարավային Կովկասի տարածաշրջանում վստահության ընդլայնմանը, տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը, տնտեսական ներուժի հզորացմանը»,- նշել է Հայաստանի նախագահը:Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որՄիխայիլ Սահակաշվիլիի այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման համար, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը: