21 մայիսի 2026 - 18:09 AMT
Քոչարյան․ Ռուսաստանն ասում է՝ ժողովուրդ ջան, այս իշխանության հետ պրոբլեմ ունեք

ՀՀ իշխանությանը լսում են նաև դրսում, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է, ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ապարանում քարոզարշավի ժամանակ՝ անդրադառնալով Ռուսաստանից հնչող զգուշացումներին:

«Այս մարդը [վարչապետ Նիկոլ Փաշինյանը- խմբ.] չի հասականում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, Ռուսաստանի պես երկիրն անմիջապես արձագանքում է: Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է: Այդ երկիրը լավ գիտեմ ու տողերի արանքում կարդում եմ՝ ինչ են ասում: Ասում են՝ դուք, ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ: Լավ, մտել ես քարոզարշավի մեջ, չես կարող լեզուդ քեզ պահես, մեծ պետություններին չկպնես»,- ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:

Նա նշել է նաև, որ այսքան կեղտոտ քարոզարշավ չի հիշում, թեև իր կյանքի փորձով շատ բան է տեսել Հայաստանում:

«Ունենք անպատասխանատու իշխանություն, իրենց թվում է, թե քարոզարշավի ժամանակ իրենք իշխանություն չեն, կապ չունի արձակուրդում ես, թե չէ, քարոզարշավի ես, թե չէ, իշխանությունը որոշ ստանդարտներ պետք է պահի, իսկ այս իշխանությունը քարոզարշավին հաղորդում է ամենակեղտոտ բնույթը»,- շեշտել է Քոչարյանը։

Ռուսաստանի անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը «անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»։ Դրանց թվում նա առանձնացրել է Հայաստանի եվրոպական ձգտումները։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ևս հայտարարել է, թե «Հայաստանը չի կարող լինել և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և Եվրամիությունում, ինչպես ասում են՝ միաժամանակ երկու հարսանիքներում պարել Հայաստանի մոտ չի ստացվի»։

Հայաստանյան քարոզարշավին զուգահեռ Ռուսաստանը սաստկացրել է նաև զգուշացումները, թե Երևանը տնտեսական ծանր հետևանքների է բախվելու, եթե շարունակի եվրոպական ուղին։