25 հունիսի 2009 - 22:06 AMT
Հայաստանում իրագործվելու է «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագիրը
Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը եւ «Ապագան քոնն է» բարեգործական, սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ Նորայր Սարգսյանն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր` «Կրթությունն ընդդեմ կաշառակերության» ծրագրի իրականացման նպատակով:

Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության ֆինանսական աջակցությամբ «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի» շրջանակներում:

Ծրագիրն ուղղված է հակակոռուպցիոն դաստիարակությանը եւ Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների կրթությանը:

Առաջին փուլում նախատեսվում է ստեղծել ուսումնական ձեռնակներ ուսուցիչների համար, երկրորդում` Հայաստանի 8 մարզային դպրոցներում ուսումնական ձեռնարկը փորձաշրջան է անցնելու:

Վերջին փուլում կազմակերպվելու է որակավորման բարձրացման եռօրյա դասընթաց: