25 հունիսի 2009 - 22:22 AMT
Հայաստանի արտաքին հարցերը պետք է լուծվեն` համաձայնեցվելով Սփյուռքի հետ
«Ռուսաստանի, մասնավորապես Կրասնոդարի մարզի հայերը որոշակի անվստահություն ունեն Հայաստանի քաղաքական եւ տնտեսական գործընթացների հանդեպ, եւ չնայած դրան, առանձին դեպքերում կա կայուն համագործակցություն, բայց ոչ այն մասշտաբներում, որոնք ցանկալի կլինեին: Մասնավորապես, մենք շատ հույսեր էին կապում Սփյուռքի նախարարության հետ, որոնք, ցավոք, ի կատար չածվեցին»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Ռուսաստանի հայերի թերթի` «Երկրամասի» գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:

Ինչպես նշում է Թավադյանը, հայկական համայնքը զգալիորեն ցնցված էր ապրիլի 24-ի նախօրեին հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի» ստորագրումից: «Համայնքն իրեն որոշ չափով վիրավորված էր զգում հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումից հետո: Մենք գտնում ենք, որ Հայաստանի իշխանությունները Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում պետք է հաշվի նստեն սփյուռքի կարծիքի հետ»,- ընդգծել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք ռուսական սփյուռքի հայ ձեռներեցների կողմից որեւէ ներդրումներ են կատարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման գործում, Թավադյանը պատասխանել է, որ, իհարկե, կատարվում են: