25 հունիսի 2009 - 23:14 AMT
Առանց մայրենի լեզվի ու պատմության ուսուցման Հյուսիսային Կովկասի հայերը կորցնում են իրենց արմատները
«Ըստ ՌԴ 2002թ. վիճակագրական տվյալների, Հյուսիսային Կովկասում բնակվում են շուրջ 275 հազար հայեր, սակայն այսօր նշվում է կես միլիոն թիվը: Թե քանիսն են տիրապետում հայերենին, դժվար է ասել»,-այսօր կայացած մամլո ասուլիսում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:

Ըստ նրա, սփյուռքում բազում խնդիրներ կան, կապված հայապահպանության, հայոց լեզվի, մշակությի ու ավանդույթների հետ: Արվում է հնարավորը` բարձրացնելու համար հայրենասիրության մակարդակը, հատկապես երիտասարդության շրջանում: Անց են կացվում մշակութային, գիտաճանաչողական միջոցառումներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել Հայաստանի պատմությունը»,-ասել է Թավադյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե կարելի է արդյոք խոսել հայերի ուծացման մասին, նա դրական է պատասխանել` հավելելով, որ միակ բանը, որ կարող է փրկել ուծացումից, դա մշտական աշխատանքն է մարդկանց հետ եւ մայրենի լեզվի ու պատմության ուսումնասիրությունը: