
ԱԱԾ-ից հայտնել են, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում ռուսական ԱԴԾ-ի (ФСБ) նշման մասին տեղեկությունը պետական գաղտնիք է, տեղեկացնում է Factor.am-ը:
«ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ ապահովելով անձի, հասարակության և պետության անվտանգությունը, իսկ Ազգային անվտանգության մարմինների գործունեության և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններն ազգային անվտանգության ծառայությունում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի համաձայն դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և ․․․չեն կարող տրամադրվել»,- ասվում է հարցման պատասխանում։
Ռուսական The Insider պարբերականին հրապարակած փաստաթղթի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ՌԴ ՆԳՆ-ում առկա անձնագրային գործում աշխատանքի վայրի հատվածում նշված է եղել «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։ ՌԴ ՆԳՆ օպերատիվ աշխատակիցը The Insider-ին պարզաբանել է՝ այդ նշումը նշանակում է, որ քաղաքացուն ստուգելու դեպքում անհրաժեշտ է նախ դիմել այդ կառույցին: Նույն աղբյուրի տեղեկությամբ՝ նման կերպ սովորաբար նշվում են կառույցի վերահսկողության ներքո գործող օտարերկրացիները կամ ոչ հրապարակային տեղեկատուները։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։