26 հունիսի 2009 - 14:00 AMT
IFC- ի նոր առցանց ուսուցումը կօգնի ֆինանսական հաստատություններին զարգացնել կայուն բանկային համակարգ
Համաշխարհային բանկի խմբի անդամն (IFC-ն) այսօր հանդիսավոր կերպով ներկայացրեց նոր առցանց ուսուցման ծրագիր, որը նախատեսված է օգնելու ֆինանսական հաստատություններին ավելի լավ պատկերացնել ֆինանսական, սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի կայուն կառավարումը եւ ուսումնասիրել կայունության զարգացման գործարար հնարավորությունները, հաղորդում է Հայաստանում IFC մամլո ծառայությունը:

Կայունության էլ.-ուսուցում եւ վերապատրաստում ծրագիրը (STEP) հասանելի կլինի Համաշխարհային բանկի ուսուցման կառավարման համակարգի միջոցով 2009թ. հուլիսի 15-ից: Ֆինանսական հաստատությունները ծրագրում մասնակցության համար կարող են գրանցվել www.ifc.org/STEP հասցեում:

Մեծապես ինտերակտիվ էլ.-ուսուցման ծրագիրը նախատեսված է ֆինանսական հաստատությունների, այդ թվում բանկերի, մասնավոր ներդրումային հիմնադրամների, վարձակալական ընկերությունների եւ միկրովարկային հաստատությունների ղեկավարների ու աշխատողների համար: Այն նպատակաուղղված է բարելավելու մասնակիցների պատկերացումը սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի մասին եւ օգնելու նրանց իրենց պորտֆելներում մշակել գործընթացներ այդպիսի ռիսկերը կառավարելու համար:

STEP-ը ֆինանսական հաստատություններին օգնում է նաեւ իրենց առկա պորտֆելներում բացահայտել կայունության զարգացման հնարավորությունները եւ ընդարձակել իրենց տրամադրած ապրանքների տեսականին, ներառելով էներգաարդյունավետության, նորացվող էներգիայի կամ կայուն մատակարարման շղթայի ծրագրերի ֆինանսավորումը:

Համաշխարհային ֆինանսական շուկաների գծով IFC-ի տնօրեն Ջորջինա Բեյքըրն ասաց, որ մի շարք ֆինանսական հաստատություններ, որոնց թիվը գնալով ավելանում է, ընդունում են, որ բանկային համակարգի կայունության զարգացումն առաջ է բերում նոր եւ գրավիչ գործարար հնարավորություններ: «Կայունության էլ.-ուսուցում եւ վերապատրաստում ծրագիրն այդ հաստատություններին կօգնի ընդլայնել իրենց առաջարկը եւ կյանքի կոչել կայուն բանկային համակարգի ընձեռած օգուտները»:
Սկսած 1997 թվականից IFC-ն ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է կայուն զարգացման դասընթացներ անմիջական սեմինար-պարապմունքների տեսքով: STEP-ն հաջորդ սերնդի ուսուցման ծրագիր է, որը նախատեսված է ամբողջ աշխարհում ֆինանսական հաստատությունների ավելի լայն լսարան ընդգրկելու համար: Էլ. ուսուցման հենքն ապահովում է նաեւ ուսուցման հետեւողականությունը, որակը եւ հասանելիությունը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ը մարդկանց համար հնարավորություններ է ստեղծում խուսափել աղքատությունից եւ բարելավել իրենց կենսամակարդակը: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը եւ տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի հաղթահարման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2008թ.-ի ֆինանսական տարում կազմել են 16.2 միլիարդ դոլար, ինչը 34 տոկոսով ավելի է, քան նախորդ տարում: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք www.ifc.org: