
Հայաստան ժամանած երկու ուղևորի մոտ հայտնաբերված 956,400 եվրո կանխիկ գումարը, որի մասին հայտնել էր ՔԿ-ն, հայտնաբերվել է Դորտմունդ-Երևան չվերթով ժամանած ուղևորների ուղեբեռներում։ Այդ մասին հայտնել է Պետական եկամուտների կոմիտեն:
Գերմանիայի Դորտմունդ քաղաքից ժամանած ուղևորները հատել են «Կանաչ ուղի» ելքը, սակայն նախնական ռենտգեն տեսազննությունից հետո տեղափոխվել են «Կարմիր ուղի» գոտի, որտեղ էլ հայտնաբերվել է խոշոր չափի արտարժույթը։
«Ուղևորներից երկուսին, որոնք ինքնուրույն ընտրել էին երկուղի համակարգի «Կանաչ ուղի» ընթացակարգը, «Կանաչ ուղի» ելքի գիծը հատելուց հետո, մաքսային ծառայողներն ուղեկցել են մաքսային հսկողության «Կարմիր ուղի» գոտի, որտեղ ենթարկվել են մաքսային տեսազննման։ Արդյունքում ՀՀ քաղաքացի Մ․Ն-ին պատկանող ուղեբեռներում հայտնաբերվել են առանց համապատասխան մաքսային հայտարարագրման Հայաստան տեղափոխված ընդհանուր 578,050 եվրո կանխիկ դրամական միջոց։
Նույն գործողությունների շրջանակում զննության է ենթարկվել նաև Նիդերլանդների Թագավորության քաղաքացի Ս․Ն.-ի ուղեբեռը։ Վերջինիս ուղեբեռում ևս հայտնաբերվել է առանց համապատասխան մաքսային հայտարարագրման, օդային ճանապարհով Հայաստան տեղափոխված 378,350 եվրո կանխիկ դրամական միջոց»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները՝ ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը։