
Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) դիտորդական պատվիրակությունը հունիսի 3-8-ը գտնվելու է Հայաստանում՝ դիտարկելու հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին տեղեկացվել է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ազգային ժողովրդավարության հիմնադրամի (NED) նախագահ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Ռոսքամի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին ժամանելու է Երևան՝ միանալու IRI-ի երկարաժամկետ դիտորդներին և հանդիպելու շահագրգիռ կողմերի լայն շրջանակի հետ, հայտնում է Արմենպրեսը:
Այդ շրջանակում նախատեսված են հանդիպումներ ընտրական մարմինների, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, լրագրողների, դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և անցկացման գործընթացում ներգրավված պետական կառույցների հետ։
Պիտեր Ռոսքամը նշել է, որ Հայաստանի ընտրություններն անցկացվում են երկրի ժողովրդավարական զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։
«Ընտրությունների արդյունքը ոչ միայն կձևավորի Հայաստանի մոտեցումը տնտեսական և անվտանգության հարցերի և տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ հարաբերությունների մասին, այլև կունենա երկարատև հետևանքներ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»,-նշել է նա։
Հաղորդագրության համաձայն՝ առաքելությունը ընտրությունների վերաբերյալ իր նախնական գնահատականները կներկայացնի հունիսի 8-ին Երևանում նախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում։
Կազմակերպությունը նաև հայտնել է, որ նախնական եզրակացություններն ու առաջարկությունները հիմնվելու են ապրիլին IRI-ի իրականացրած նախընտրական գնահատման արդյունքների վրա, որի նպատակն էր ուսումնասիրել վստահելի ընտրությունների անցկացման պայմանները հունիսի 7-ի քվեարկությունից առաջ։
Նշվել է նաև, որ առաքելության վերջնական զեկույցը, որը կներառի ընտրական գործընթացի որակի անաչառ գնահատական, ինչպես նաև նախընտրական շրջանի և ընտրության օրվա կազմակերպման վերաբերյալ թեմատիկ եզրակացություններ ու առաջարկություններ, կհրապարակվի ընտրություններից հետո առաջիկա շաբաթների ընթացքում։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։