3 հունիսի 2026 - 17:15 AMT
ՀԾԿՀ․ Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին

Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին: Նման որոշում է կայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 3-ի նիստում:

Հաշվիչը պետք է տեղադրվի սահմանազատման կետում, անհրաժեշտության դեպքում, սպառողի տարածքից դուրս՝ գազաբաշխման համակարգի օպերատորի համար հասանելի վայրում։

Կարգավորումը նպատակ ունի ապահովել հաշվառման տվյալների առավել ճշգրիտ գրանցում, հեշտացնել սարքերի սպասարկումն ու ստուգումը, ինչպես նաև նվազեցնել հնարավոր վեճերի առաջացման ռիսկերը։ Հաշվիչների ցուցմունքների արձանագրման գործընթացում կապահովվի սպառողի և գազամատակարար ընկերության ներկայացուցիչների համատեղ մասնակցություն՝ երաշխավորելով տվյալների ճշգրտությունն ու հաշվարկների նկատմամբ փոխադարձ վստահությունը։

«Որոշումը ևս մեկ քայլ է էներգետիկ ոլորտում կարգավորումների արդիականացման, ծառայությունների մատուցման որակի բարելավման և սպառողների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ ապահովելով հավասարակշռված, թափանցիկ և վստահելի միջավայր բոլոր շահագրգիռ կողմերի համար»,- ասվում է հաղորդագրությունում։