
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Նա պահանջում է հերքել Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 28-ի ճեպազրույցի ընթացքում իր հասցեին հնչեցված «հանցագործ», «շպիոն», «գործակալ», «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» արտահայտությունները, հայտնում է Aysor.am-ը:
ԲՀԿ առաջնորդը պահանջել է 3,000,000 դրամ՝ որպես վիրավորանքի հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, և 6,000,000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։
Ծառուկյանը նաև պահանջել է ապահովել հերքման վերաբերյալ հրապարակված տեսանյութի և հերքման տեքստի հրապարակումն ու տարածումը մի շարք լրատվամիջոցներում։
Գործը դատարան է մուտքագրվել հունիսի 2-ին։ Այն քննելու է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը։
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում, պատասխանելով Փաշինյանի սպառնալիքների մասին հարցին, ասել էր, որ Փաշինյանը «վիրավորում է, որովհետև ասելիք չունի»:
Փաշինյանը նաև ասել է․ «էդ Գուլոյան-Ծառուկյան (Կարապետ Գուլոյանը, որը եղել է Կոտայքի մարզպետը, Ծառուկյանի փեսան է՝ խմբ. ) մաֆիան դեռ նոր պտի իրա հատուցմանը հասնի: Ես ինչպես 2021 թվին ձեզ խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված պրոցեսներ են լինելու, հիմա ձեզ ուղիղ ասում եմ՝ շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»: