
Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հունիսի 3-ին իր տան բակից դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված իր կողմնակիցներին:
«Այս ժողովրդին խոստացան խաղաղություն, բայց բերեցին 3 պատերազմ և երեքում էլ պարտվեցին։ Հայ ժողովրդին խոստացան տարածքային ամբողջականություն, բայց կորցրեցին մեր հողերը։ Հայ ժողովրդին խոստացան արժանապատվություն, բայց այսօր հայերի համար շատ ծանր վիճակ է, կորցնում ենք մեր ինքնությունը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ փոփոխությունները մոտեցել են, և քաղաքացիները դրանք զգալու են իրենց առօրյայում։ Նա նշել է, որ այդ փոփոխությունները սկսվելու են հունիսի 7-ից հետո, և յուրաքանչյուր հայ ապրելու է արժանապատիվ կյանքով՝ ոչ թե պարզապես գոյատևելու համար, հավելելով, որ դա երաշխավորում է։
«Այլևս մենք թույլ չենք լինի Փաշինյանի պատճառով; Ուժեղ ենք լինելու։ Այդ օրը հայ ժողովուրդը կկայացնի վերջին տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկը, հունիս 7-ին յուրաքանչյուր երիտասարդ, հայր ու մայր յուրաքանչյուր տարեց հնարավորություն կունենա որոշելու իր գալիք սերունդների ապագան»,- ասել է Կարապետյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները պետք է մասնակցեն ընտրություններին, որպեսզի իրենց փոխարեն ուրիշները չորոշեն երկրի ճակատագիրը։
«Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողվուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում, պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայերը որոշեցին ունենալ ՀՀ քաղաքացիների համար 300 հազար նոր աշխատատեղ»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Այնուհետև նա ՀՀ քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք պատրաստ են աջակցել, իր բնորոշմամբ, «Ալիևի շահերը սպասարկող իշխանությանը, պատրաստ են ընդունել տարիների նվաստացումն ու ձախողումները»:
«Թե՞ ընտրելու եք ազատ և ուժեղ Հայաստանը»,- ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է ցույց տալ, որ հայ ժողովուրդը հաղթահարել է իր վախերը, և որ Ալիևն ու նրա մարզպետը չեն որոշում հայերի հարցերը։
«Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ին մենք միասին պատմություն ենք կերտելու, մենք պարտավոր ենք դա անել, որովհետև Հայաստանի Հանրանպետության գոյությունն է վտանգված: Ես կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին դառնալ փոփոխության մաս։ Ցույց տվեք, որ Ադրբեջանը չի կարող լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը».- հայտարարել է Կարապետյանը։
Նա նաև նշել է, որ հունիսի 17-ին Նախիջևանում կայանալու է «արևմտյան ադրբեջանի» համաժողովը, որի պատվավոր հյուրը, իր խոսքով, լինելու է Նիկոլ Փաշինյանը, և հավելել է, որ այդ այցը պետք է կանխվի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով։
«Հունիսի 7-ին հաղթանակը մերն է, Փաշինյանը՝ Ադրբեջանինը»,- եզրափակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։