26 հունիսի 2009 - 19:54 AMT
Հայաստանի հավաքականի դարպասապահի ավագ եղբայրն ընտրվել է Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայր Ալեքսանդր Բերեզովսկին ընտրվել է Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նորանշանակ նախագահը, նրա հետ բանակցություններ են վարել շուրջ մեկ ամիս, եւ վերջապես, նա պաշտոնապես ընտրվել է Հայաստանի հեծանվասպորտի հանձնաժղովի նիստի ժամանակ հունիսի 25-ին:

«Տվյալ պահին ես միայն ծանոթանում եմ Հայաստանի հեծանվասպորտի իրավիճակի հետ, որից հետո մշակվելու է այդ սպորտաձեւի մակարդակը բարձրացնելու ծրագիր: Այսօր հիմնական նպպատակը լավ մարզիկներ բացահայտելն է, եւ միջազգային մրցաշարարերին մասնակցելու համար վարկանիշ հավաքելը: Միայն այդ դեպքում մենք կարող ենք զարգացնել հեծանվասպորտը Հայաստանում»,- ասել է Բերեզովսկին:

Նշենք, որ Հայաստանի Հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահն անվանի գործարար Լեւոն Աբրահամյանն էր: Բայց մշտական գործուղումների եւ ժամանակի սղության պատճառով նա հրաժարվեց իր պաշտոնից:

Բերեզովսկին Խորհրդային Հայաստանի հավաքականի կազմում եղել է առաջատար հեծանվորդներից մեկը եւ մասնակցել բազմաթիվ միջազգային մրցաշարերի: 1976-ին նա արժանացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչմանը: Բերեզովսկին նաեւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 4-րդ բաժնի ղեկավարի տեղակալն է: