
Դատախազությունը վարչական դատարանից պահանջել է անվավեր ճանաչել «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման վերաբերյալ 2002-ի կառավարության որոշումը և վերացնել դրա հետևանքները։
Դատախազության իրականացրած ուսումնասիրության արդյունքում մասնավորեցման գործընթացում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ մրցույթը չկայացած ճանաչվելուց հետո օրենքով սահմանված ընթացակարգերի և ժամկետների խախտմամբ ընկերության բաժնետոմսերը «Roberto» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքով փոխանցելու հանգամանքը։
Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը: Օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով՝ Դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով։
Հայցի հիմքում, ի թիվս այլ հայտնաբերված խախտումների, ներառվել են մասնավորեցման գործընթացի հետ կապված մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես. ՀՀ Կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի թիվ 690 որոշմամբ ձևավորվել է մրցութային հանձնաժողով՝ «Արարատցեմենտ» ընկերության՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով: Գնման առաջարկ է ներկայացվել «Holcim LTD» շվեյցարական և «SK.Ajikawo Group» անգլիական կազմակերպությունների կողմից:
2001 թվականի սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը, սակայն, 2001 թվականի հոկտեմբերի 22-ին, «Holcim LTD» շվեյցարական կազմակերպությունը Պետական գույքի կառավարման նախարարին հասցեագրած գրությամբ հայտնել է, որ կազմակերպության տնօրենների խորհուրդն առանց պատճառաբանությունների մերժել է ներդրումային ծրագիրը:
ՀՀ կառավարությունը 2001 թվականի հոկտեմբերի 22-ից՝ մրցույթը չկայացած համարվելու պահից սկսած 60-օրյա ժամկետի խախտմամբ, ինչպես նաև խախտելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 18-րդ հոդվածի պահանջները, անտեսել է անգլիական «SK.Ajikawo Group» անվամբ ընկերության կողմից նախապես հայտնի գնորդ լինելու հանգամանքը և նշված ընկերությանն ուղղակի վաճառքով օտարելու փոխարեն, «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերության 317.003 բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը 10 հազար դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքով մասնավորեցրել է Բելգիայի Թագավորությունում հիմնադրված, ընդամենը 18 հազար 952 եվրոյի չափով կանոնադրական կապիտալ ունեցող, սննդամթերքի, կիսաֆաբրիկատների, տրանսպորտային միջոցների ներկրմամբ և արտահանմամբ, ինչպես նաև լվացքատների, բենզալցակայանների շահագործմամբ զբաղվող և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դստեր ամուսնու՝ Կարապետ Գուլոյանի հորեղբոր՝ Վահագն Գուլոյանի կողմից կառավարվող «Roberto» ՍՊ ընկերությանը:
Նույն որոշմամբ ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի գին է սահմանել 800,000 ԱՄՆ դոլարը՝ գնորդին պարտավորեցնելով այն վճարել մասնավորեցման պայմանագրի ստորագրման օրվանից 3 բանկային օրվա ընթացքում:
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ։ Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու ընթացքում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, ինչպես նաև պետշահերի պաշտպանության հայց՝ Հակակոռուպցիոն դատարան։
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է ուղարկել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում արձանագրված խախտումները և դրանց հետևանքների վերացման նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցը, այդ թվում՝ ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը: