
Գրոսմայստեր Լևոն Արոնյանն ԱՄՆ դրոշի ներքո խաղալու որոշումն անվանել է իր կյանքի ամենաբարդ քայլերից մեկը և նշել է, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստանի շախմատի ազգային հավաքական։ Այդ մասին նա ասել է Liferoom հաղորդման ընթացքում։
«Դա իմ կյանքի ամենադժվար որոշումներից մեկն էր։ Բայց ես իրավիճակն այսպես ընկալեցի՝ երկրում վերաբերմունքը շախմատի նկատմամբ սառել է, շախմատն այլևս չի դիտարկվում որպես ազգային շահերի ոլորտ։ Եվ եթե ես թույլ տայի ինձ վերաբերվել որպես շարքային մարզիկի, որը ոչնչի չի հասել, ապա դրանով իսկ հարվածի տակ կդնեի ամբողջ ոլորտը։ Եթե դուք վատ եք վերաբերվում ինձ, և եթե իմ կարծիքն այս ոլորտում ձեզ համար ոչինչ չի նշանակում, ապա մենք այլևս խոսելու բան չունենք»,-ասել է շախմատիստը, գրում է Sputnik Արմենիան:
Ինչ վերաբերում է ազգային հավաքական վերադառնալուն, Արոնյանը նշել է, որ նման հնարավորություն չի տեսնում։
«Սա արդեն դառնում է «Սանտա Բարբարա»։ Այն ամենը, ինչ կարող էի ապացուցել ինձ և իմ ընկերներին, արդեն ապացուցել եմ։ Ինձ միշտ հայ եմ համարել և իմ նպատակը տեսել եմ մեր ժողովրդին օգտակար լինելու, մեր՝ որպես թույլ ազգի մասին կարծիքը փոխելու մեջ։ Մենք ուժեղ ենք»,-ասել է շախմատիստը։
Պատասխանելով մինչ ԱՄՆ տեղափոխվելը ստացած շահավետ առաջարկների վերաբերյալ հարցին՝ Արոնյանն ասել է, որ հպարտ է, որ դրանք չի ընդունել։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարներից, Հայաստանի հավաքականի կազմում օլիմպիական եռակի չեմպիոն Լևոն Արոնյանը 2021 թվականին հայտարարել է ԱՄՆ տեղափոխվելու որոշման մասին։ Արոնյանն այդ քայլը հիմնավորել է «շախմատային ոլորտ ներխուժած ոչ կոմպետենտ պետական գործիչներով» և պետության կողմից շախմատիստներին տրամադրվող աջակցության դադարեցմամբ։