16 հունիսի 2026 - 13:51 AMT
Իրավապահները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները

Քննիչները հունիսի 16-ի առավոտյան կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի և կորտերի դռները:

Ոստիկանության աշխատակիցն ասել է, որ դեպքի վայրի զննություն է իրականացվում, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել, հայտնում է «Ազատությունը»:

Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Միևնույն ժամանակ, կառույցից չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ քրեական վարույթի մասին է խոսքը։

Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի նախագահ Յուրի Մկրտչյանը պատմել է. «Ժամը 10-ն անց էր, մտան երկու հոգի, ներկայացան՝ Քննչական վարչություն, հետներն էլ մի 5-6 ոստիկան, ասացին, իրենք ունեն որոշում, պետք է կորտերի ամբողջ տարածքը պլոմբեն, տվեցին ժամանակ, որ դուրս գանք տարածքից»։

«Արարատ» թենիսի ակումբի ղեկավար Էդուարդ Սանամյանը հայտնել է, որ տեղեկացված չէ, թե ինչ գործի շրջանակում են իրավապահները կապարակնքել ակումբի դռները։

«Այս պահին տեղեկացրեցին, որ տեղում իրականացվող գործողություններn ավարտվում են, գործողությունները կշարունակվեն հարդեն բաժնում», - ասել է Սանամյանը։

Անդրադառնալով հնարավոր պատճառներին՝ «Արարատ» թենիսի ակումբի ղեկավարը նշել է. «Համ ապօրինի գույքի բռնագանձումով է անցնում այս գույքը, իմ տեղեկություններով գերակա հանրային շահ չկարողացան ճանաչել այդ պատճառով: Այսինքն, այս գույքն արդեն կալանքի տակ է: Բացի դրանից, նաև դատական վեճ կա վարձակալության գումարի մասով, մենք գտնում ենք, որ ապօրինի կերպով մեր վարձակալության վճարը փորձում են թանկացնել»։

2024 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր Օղակաձև այգու կորտերը քանդելու և թենիսի ակումբը տեղափոխելու մտադրության մասին։ Արդյոք այսօրվա գործողությունները կապ ունեն այդ հայտարարության հետ, առայժմ հայտնի չէ։