
«Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը դիմել է ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով համախմբվել։ Այդ մասին նա հայտնել է մի շարք լրատվամիջոցների խմբագիրների հետ ունեցած հարցազրույցում:
«Ես հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման պրոցես»,-ասել է նա՝ հավելելով, որ սխալ թույլ տվեցին ընտրություններից առաջ:
«Մենք թույլ տվեցինք այդ սխալն ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատ ընդդիմադիր ուժերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել, դրա համար հիմա մեր երկրի ու ժողովրդի համար շատ կարևոր է այս համախմբումը»-,հայտարարել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա համոզմունք է հայտնել, որ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար կարևոր է երկիրը, կարձագանքեն առաջարկին, և հնարավոր կլինի հետընտրական այս փուլում ձևավորել ընդդիմադիր ուժերի կոալիցիա։
Սամվել Կարապետյանը առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, ուղիղ եթերի ձևաչափով դիմել ժողովրդին, ներկայացնել առկա խնդիրները, գնահատել իրավիճակը, քննարկել հնարավոր գործողություններն ու շարժվել այդ ուղղությամբ։
Իշխանությունը մեղադրում է ընդդիմադիր երեք առաջատար ուժերին ընտրակաշառքներ բաժանելու մեջ։ Նախաձեռնվել են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորվածներ և ձերբակալվածներ։ Միևնույն ժամանակ, ընդդիմությունն էլ մեղադրել է իշխանությանը վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործման մեջ։ Հավելենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ևս արձանագրել է վարչական ռեսուրսի կիրառում, պետական կառույցների աշխատակիցների նկատմամբ ճնշումներ, ինչպես նաև ընդդիմադիրների դեմ քրեական հետապնդումներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական հանդիպումների ընթացքում բազմիցս սպառնացել է ընդդիմադիր երեք խոշոր ուժերի առաջնորդներին քրեական հետապնդումներով, իսկ ընտրություններից անմիջապես հետո կրկնել է իր հայտարարությունները։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելվել է ինչպես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից, որոնք մեկնել են անձնական պատճառներով։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանին նույնպես թույլ չեն տվել անցնել սահմանը դեպի Վերին Լարսի անցակետ, թեև ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան քննչական մարմիններից հայտնել են, որ Կարապետյանի ելքը սահմանափակող որևէ որոշում կայացված չէ։