
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի սանիկը՝ Արամ Սարգսյանը, կալանավորվել է։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ նա ներգրավված է նույն քրեական վարույթում, ինչ Դավիթ Ղազինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Կոմիտեից տեղեկացրել են նաև, որ քրեական վարույթով ընդհանուր առմամբ անցնում է 8 մեղադրյալ։ Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։
«Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ կիրառված է անազատության հետ չկապված խափանման միջոց»,– հայտնել են կոմիտեից։
Նշվում է, որ Արամ Սարգսյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներից մեկի ղեկավարն է։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորված է ընտրակաշառքի վերաբերյալ գործի շրջանակում։ Իշխանությունները ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրել են երեք խոշոր ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Այս գործերով նախաձեռնվել են մի քանի տասնյակ քրեական վարույթներ, կան կալանավորված և ձերբակալված անձինք։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր ուժերը իշխանություններին մեղադրել են վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառման մեջ։