24 հունիսի 2026 - 15:32 AMT
Փաստաբանը՝ Քոչարյանի հայցի մասին․ ԿԸՀ-ն իր որոշման մեջ չի ներկայացրել բավարար հիմնավորումներ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչական դատարան ներկայացված հայցը վերաբերում է ոչ թե քրեական գործի բովանդակությանը, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հիմնավորվածությանը։ Այդ մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանը վարչական դատարան է դիմել ընդդեմ ԿԸՀ-ի։ Նա վիճարկում է հունիսի 17-ին ընդունված այն որոշումը, որով ԿԸՀ-ն համաձայնություն է տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, գրում է Sputnik Արմենիան:

Օրբելյանի խոսքով՝ ԿԸՀ-ում վարույթի ընթացքում պաշտպանական կողմը ներկայացրել է մի շարք փաստարկներ՝ նշելով, որ քրեական հետապնդման իրավաչափության վերաբերյալ հարցեր կան, առկա են քաղաքական դրդապատճառների մասին կասկածներ, ինչպես նաև խնդիրներ՝ գործընթացի ժամանակագրության հետ կապված։ Սակայն, ըստ նրա, հանձնաժողովը հրաժարվել է այդ հարցերին բովանդակային գնահատական տալ։

«Մենք շատ պարզ հարց ենք տվել՝ ի՞նչ պետք է լինի, որ համաձայնությունը մերժվի, որովհետև եթե իրավունք ունի համաձայնություն տալ, նշանակում է՝ իրավունք ունի նաև համաձայնություն չտալ։ Մենք պետք է հասկանանք ապացուցողական ստանդարտը՝ դա կարող է ցածր լինել, կարող է բարձր լինել»,– ասել է Օրբելյանը։

Փաստաբանը նշել է, որ հանձնաժողովը բոլոր առարկություններին պատասխանել է նույն մոտեցմամբ՝ ընդգծելով, թե դատարան չէ, իրավական գնահատականներ չի տալիս և քաղաքական հարցեր չի քննարկում։ Միաժամանակ, նրա կարծիքով, վերջնական վարչական ակտում բացակայում են այն հիմնավորումները, որոնց հիման վրա ընդունվել է որոշումը։

«Ցանկացած մարդ կարող է բացել և կարդալ այդ վարչական ակտը ու տեսնել, որ չկա ոչ մի պատճառաբանություն, թե ինչու տրվեց համաձայնությունը կամ ինչու չմերժվեց այն։ Ուղղակի արձանագրված է, որ դատախազությունը ներկայացրել է միջնորդություն, և դրանից հետո որոշում է կայացվել»,– նշել է նա։

Օրբելյանի գնահատմամբ՝ առկա են նաև ընթացակարգային խնդիրներ։ Նրա խոսքով՝ նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունն ամբողջությամբ չի ապահովվել, իսկ որոշման հիմքերը դատարանում փաստացի պարզաբանվում են ոչ թե ԿԸՀ ներկայացուցիչների, այլ դատավարության մյուս մասնակիցների կողմից։

Փաստաբանը շեշտել է, որ վարչական դատարանը չպետք է քննարկի մեղավորության կամ քրեական հետապնդման հիմնավորվածության հարցերը։ Նրա համոզմամբ՝ դատարանի խնդիրն է գնահատել, թե արդյոք Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատշաճ կերպով իրականացրել է իր լիազորությունները և բավարար հիմնավորել է ընդունված որոշումը։

«Վարչական մարմինը պետք է որոշեր, պատճառաբաներ, հիմնավորեր իր դիրքորոշումը, իսկ վարչական դատարանը պետք է վերանայեր այդ որոշումը։ Հիմա ստացվում է, որ դատարանը փորձում է հասկանալ, թե ընդհանրապես ինչ պետք է քննարկվի»,– ասել է Օրբելյանը։

Հունիսի 14-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել երկիրը։ Հունիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության երեք թեկնածուների, այդ թվում՝ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ։

Հունիսի 17-ին Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ միջնորդության մեջ որևէ հանցագործության նկարագրություն չկա։ Նրա խոսքով՝ գործը վերաբերում է 2004 թվականին իրականացված մի գործարքի, որը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, չի վիճարկվել և որի հետ Ռոբերտ Քոչարյանը, ըստ պաշտպանության կողմի, որևէ առնչություն չի ունեցել։