27 հունիսի 2009 - 20:48 AMT
Հարվարդում սովորելու համար, հայ ուսանողներին հարկավոր է ավելի շատ բան իմանալ համալսարանի ծրագրերի մասին
«Հայաստանից Հարվարդ շատ քիչ ուսանող է ընդունվում, ոչ այն պատճառով, որ ի վիճակի չեն ընդունվել, այլ երբ եւ ուր դիմելու, Հարվարդի ծրագրերի, թոշակների մասին տեղեկության պակասի պատճառով», - PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարվարդի համալսարանի հայկական միության ներկայացուցիչ Լեսլի Նաջարյանը:

Անդրադառնալով թոշակներին, Լեսլի Նաջարյանը նշել է, որ Հարվարդի համալսարանում իրականացվում է համապատասխան ֆինանսական ծրագիր, «իսկ ուսանողներին մնում է միայն ընդունվել եւ սովորել»:

Լեսլի Նաջարյանն ընդգծել է, որ տեղեկատվության պակասի հարցը լուծելու համար Հարվարդի համալսարանի հայկական ընկերակցությունը կայուն համագործակցություն է հաստատել ARMACAD ակադեմիական համագործակցության եւ աջակցության հայկական միության կազմում ընդգրկված տարբեր համալսարանների հետ: «Տեղեկատվական ցանցերի օգնությամբ մենք փորձում ենք տեղեկատվությունն առավել մատչելի դարձնել բոլոր ուսանողների համար: Փորձը ցույց է տալիս, որ Հարվարդում շատ կան հայ ուսանողներ, բայց ոչ Հայաստանից, այլ աշխարհի այլ երկրներից, մասնավորապես, ԱՄՆ-ից, որոնք որակյալ մասնագետներ են դառնում: Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանց թվին ավելանան նաեւ ուսանողները Հայաստանից», - հայտարարել է նա: