25 հունիսի 2026 - 11:57 AMT
«Միասնության թևերը» կոչ է արել ընտրություններին մասնակցած մյուս կուսակցություններին ներգրավվել գործով որպես 3-րդ անձ

«Միասնության թևեր» կուսակցությունը դիմել է ընտրություններին մասնակցած մյուս կուսակցություններին, անդրադառնալով Սահմանադրական դատարանում քննվող գործին, և կոչ արել ներգրավվել որպես 3-րդ անձ:

«Այսօր տեղեկացանք, որ Սահմանադրական դատարանը հունիսի 23-ի աշխատակարգային նիստում անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության միջնորդությանը` տասը կուսակցություններին Աժ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միացված գործով երրորդ անձ ներգրավելու մասին։ Դատարանն արձանագրել է. «…համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 5-րդ մասի՝ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները Սահմանադրական դատարանում որպես երրորդ անձինք կարող են դատավարությանը ներգրավվել կա՛մ իրենց դիմումի հիման վրա, կա՛մ Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ:

Ուստի՝ հայտնում ենք, որ Սահմանադրական դատարանն այլ կուսակցության առնչությամբ որևէ կուսակցության ներկայացրած նման միջնորդություն չի քննարկում»։

Մեր միջնորդության էությունն այն էր, որ Սահմանադրական դատարանը հենց իր նախաձեռնությամբ ներգրավի երրորդ կողմ, քանի որ քննվող դիմումների արդյունքով կայացվող որոշումը վերաբերում է ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին։

Հաշվի առնելով, որ Սահմանադրական դատարանը չի քննարկել մեր ներկայացրած միջնորդությունը՝ կոչով դիմում ենք «Լուսավոր Հայաստան»կուսակցություն,«Հայաստանի շնորհապետական կուսակցություն», «Բոլորին դեմ» կուսակցություն, «Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ» կուսակցություն, «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն,«Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություն, ««Քոչարի» ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն, «Ռեֆորմիստների» կուսակցություններին ներգրավել այս գործով որպես երրորդ անձ և տեր կանգնել իրենց ձայն տված քաղաքացիներին»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։