
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը (ՀԵՄ) հայտարարել է, որ «Երևանում կատաղի մարտեր են Արցախի դրոշի դեմ»:
Երեք օր է, ինչ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացվում է 2022 թ. այդտեղ քաղաքացիների կողմից տեղադրված Արցախի դրոշը, իսկ ՀՅԴ ՀԵՄ անդամներն այն անմիջապես վերականգնում են՝ նորը տեղադրելով։
Հունիսի 24-ի երեկոյան երրորդ անգամ դրոշը հեռացնելուց հետո այն վերականգնելու փորձի ժամանակ բերման է ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ:
«Արձանագրենք, որ Հայաստանում ստեղծվել է իրականություն, որտեղ Արցախի դրոշը ծածանելու համար հայ երիտասարդները բերման են ենթարկվում։
Սա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա: Արցախի դրոշի դեմ պայքարը, իրականում, պայքար է հայկական հիշողության, պատմության և արժեքների դեմ և լավագույնս բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։
Որքան էլ փորձեն ջնջել ազգային հիշողությունը, այն հայրենիքը, որը մենք կերտելու ենք մեր պայքարի արդյունքում, հիմնված կլինի մեր արժեքների և պատմական ճշմարտության վրա։ Եվ այդ հայրենիքում Արցախի դրոշը միշտ կունենա իր արժանի ու անփոխարինելի տեղը՝ որպես պայքարի, հիշողության և ազգային արժանապատվության խորհրդանիշ»,-ասվում է հայտարարության մեջ: