
Հունիսի 25-ին Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է արհեստական բանականության հնարավորությունների շուրջ ՀՀ և ԱՄՆ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն։
Փաստաթուղթը ստորագրվել է Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգի կողմից, հայտնում է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը։
Նշվում է, որ այս գործընկերությունն արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ ձևավորելու վստահելի և նորարարության վրա հիմնված արհեստական բանականության ապագա, որը կնպաստի բարեկեցությանը, տնտեսական անվտանգությանը և տեխնոլոգիական առաջընթացին։
Համատեղ հայտարարությունը հիմնված է 3 հիմնական առաջնահերթության վրա։
Առաջինը նորարարությանը նպաստող կարգավորումների խթանումն է։ Նախատեսվում է աջակցել այնպիսի քաղաքականություններին և շահագրգիռ կողմերին, որոնք խրախուսում են արհեստական բանականության ոլորտում նորարարությունը, ներդրումները, ձեռներեցությունը, վստահելի ԱԲ էկոհամակարգերի անվտանգ փորձարկումը, ներդրումն ու ընդլայնումը։
Երկրորդ ուղղությունը վերաբերում է ԱԲ ոլորտում լայն համագործակցության ամրապնդմանը։ Կողմերը նախատեսում են խորացնել համագործակցությունը ապագայի արհեստական բանականության մատակարարման շղթաների զարգացման ուղղությամբ՝ ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները, կրիտիկական հանքանյութերը, հմուտ աշխատուժը և կիսահաղորդիչների մատակարարման դիմակայուն շղթաները։
Երրորդ առաջնահերթությունը մասնավոր հատվածի ներգրավումն է։ Այն ներառում է վենչուրային և տեխնոլոգիական ներդրումների ակտիվացում, հետազոտության և զարգացման գործընկերությունների աջակցություն, հաջորդ սերնդի տվյալների կենտրոնների զարգացում, արհեստական բանականության հաշվողական հզորությունների հասանելիության ընդլայնում, վստահելի ԱԲ մոդելների ստեղծում և այլ ուղղություններ։
Այսպիսով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները նպատակ ունեն ձևավորել արհեստական բանականության այնպիսի ապագա, որը կծառայի երկու երկրների ժողովուրդներին, կամրապնդի տնտեսությունները և կարտացոլի ձեռներեցության, նորարարության և իրավունքի գերակայության վերաբերյալ ընդհանուր արժեքները։
«ԱԲ հնարավորությունների գործընկերություն» համատեղ հայտարարությունը ստորագրել են նաև նախաձեռնության անդամ երկրները և որպես դիտորդ հրավիրված այլ պետություններ։