
ԵՄ-ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն X-ի իր միկրոբլոգում:
Նա անդրադարձել է Բաքվում անցկացված հանդիպումներին:
«Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային զարգացումներին, Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ում և Ադրբեջանում ԵՄ բարձր մակարդակի առաջիկա շփումներից առաջ կայանալիք հարցերին: Եվրամիությունը կշարունակի աջակցել այս գործընթացին»,-ասվում է գրառման մեջ:
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։