26 հունիսի 2026 - 16:25 AMT
ԱՊՀ գլխավոր քարտուղար․ Ընտրություններից հետո իրավիճակը ՀՀ-ում կկայունանա

ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում իրավիճակը կկայունանա, նախադրյալներ կան։ Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

«Այո՛, կարծում եմ՝ կան, որովհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին չեն պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Իսկ ԱՊՀ-ից դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա, նրանք շարունակում են մնալ մեր կազմի մեջ»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը, գրում է ՏԱՍՍ-ը:

Լեբեդևը նաև նշել է, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի այսօրվա նիստին մասնակցել է Հայաստանի լիազորված ներկայացուցիչը, որը մասնակցել է քննարկումներին և ստորագրել համապատասխան փաստաթղթերը։

«Մենք հույս ունենք, որ ամեն ինչ լավ կլինի»,- հավելել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն են ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանին առաջարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։

Բացի այդ, Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։