
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկարամյա կապերի խզումը Հայաստանի սովորական քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ։
Նրա գնահատմամբ՝ Արևմուտքը Երևանին դիտարկում է միայն որպես Մոսկվայի դեմ պայքարի գործիք և շահագրգռված չէ հայ ժողովրդի բարեկեցությամբ, գրում է «Վեդոմոստին»:
Մեդվեդևը նաև նշել է, որ արևմտյան երկրները միջամտել են Հայաստանում անցկացված ընտրարշավին։
«Տասնամյակների ընթացքում ձևավորված կապերի խզումից հասարակ քաղաքացիների համար անխուսափելի ծանր հետևանքները բացարձակապես չեն հետաքրքրում ԵՄ երկրներին»,– ընդգծել է քաղաքական գործիչը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նաև հայտարարել է, որ Արևմուտքը նպատակ ունի Հայաստանի քաղաքական դաշտից դուրս մղել բոլոր այն ուժերին, որոնք հանդես են գալիս Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին։ Նա ընդգծել է, որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով, որտեղ Գլխավոր դատախազությունը պահանջել է զրկել ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից։ Մեդվեդևի խոսքով՝ այս քայլերը, ինչպես նաև վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառումը, հակասում են իշխանությունների՝ ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին հայտարարություններին։
Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:
ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։