
Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մրցակցությունն ակտիվացել է։ Այդ պաշտոնին այս պահին հավակնում է 4 ՔՊ-ական:
Նրանցից մեկը պատգամավոր Արման Եղոյանն է։ Նա հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ արդեն առաջադրվել է ներկուսակցական ընտրությանը մասնակցելու համար, հայտնում է Factor.am-ը:
Factor.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն է հայտնել նաև Արուսյակ Ջուլհակյանը։ Նրանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել. նա բազմաթիվ զանգերին չի պատասխանել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնում են նաև Ալխաս Ղազարյանը և Վահագն Ալեքսանյանը։ Նրանք հաստատել են այդ տեղեկությունը։ Նրանց առաջադրումը հաստատելու է ՔՊ վարչությունը։
ԱԺ նախագահն ունի երեք տեղակալ, որոնցից երկուսը ներկայացնում են իշխանությունը, իսկ մեկը՝ ընդդիմությունը։ Ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կհասնի «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը, եթե այն վերցնի իր պատգամավորական մանդատները։
ՔՊ վարչությունը հաստատել է Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում։