29 հունիսի 2026 - 14:48 AMT
Գերմանիայի ԱԳ նախարար․ ՀՀ-ն ճկունության և ոգեշնչման ևս մեկ աղբյուր է

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը անդրադարձել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին՝ այն որակելով ճկունության և ոգեշնչման աղբյուր։

Նախարարի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքացիների վերջին ընտրությունը վերահաստատել է եվրոպամետ կառավարության նկատմամբ վստահությունը՝ այն ներկայացնելով որպես Ռուսաստանի ազդեցությանն ու ճնշումներին հակազդելու ուղի, գրում է Radar Armenia-ն:

«Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին իրենց աջակցությունը երկրի եվրոպամետ կառավարությանը՝ ազդարարելով ռուսական հարկադրանքը նվազեցնելու և Եվրոպայի հետ կապերը խորացնելու շարունակական ցանկությունը»,- գրել է Գերմանիայի ԱԳ նախարարը «Ինստագրամի» իր էջում։

Նախարարն ավելացրել է, որ, իր գնահատմամբ, չնայած ռուսական քարոզչությանը, որը նպատակ ունի պառակտել հասարակությունները և թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները, Հայաստանը և մի շարք այլ երկրներ շարունակում են ցուցաբերել սեփական ինքնիշխան զարգացման ուղին ընտրելու վճռականություն։

Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%:

ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։

Photo. Reuters