29 հունիսի 2026 - 15:41 AMT
Բնակապահովման ծրագրով հավաստագիր կստանան նաև ամուսնալուծված արցախցիները

Կառավարության կատարած փոփոխությունների արդյունքում բռնի տեղահանված ամուսնալուծված արցախցիները նույնպես կկարողանան օգտվել բնակապահովման պետական ծրագրից և ստանալ հավաստագիր։ Այդ մասին ասուլիսում հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը:

Նրա խոսքով՝ դիմում-հայտում անչափահաս երեխայի տվյալները և նրան հասանելիք մասնաբաժինը կարող է ներառել միայն այն ծնողը, որի հետ երեխան բնակվում է, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հիշեցրել է, որ կառավարությունը հունիսի 25-ին փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Նախկինում ամուսնալուծված ծնողներից մեկը չէր կարողանում ստանալ հավաստագիր, քանի դեռ մյուս ծնողն ու երեխաները նույնպես չէին ստացել այն։

Ղարագյոզյանի խոսքով՝ եթե դատարանի որոշում չկա, երեխան համարվում է մոր ընտանիքի միավորի անդամ, իսկ հայրը կարող է ներկայացնել դիմում՝ առանց երեխային ներառելու։ Այդ դեպքում դիմումը չի մերժվի ընտանիքի ոչ ամբողջական կազմի հիմքով։ Նա նշել է, որ այս խնդիրը հիմնականում բարձրացրել են ամուսնալուծված հայրերը, որոնց մեծ մասը չունի դատարանի որոշում, իսկ երեխաների խնամքը փաստացի իրականացվում է մայրերի կողմից։

Նրա տեղեկացմամբ՝ ծրագրային ապահովումը դեռ ամբողջությամբ թարմացված չէ, ուստի մինչև այդ քաղաքացիները կարող են դիմել նախարարություն, և հավաստագիրը կձևավորվի ձեռքով։ Հետագայում գործընթացը կիրականացվի ավտոմատ եղանակով։

Մեկ այլ փոփոխությամբ լուծում է տրվել այն ընտանիքների խնդրին, որոնց դիմումները մերժվել էին մինչև 6 տարեկան երեխայի տվյալների բացակայության պատճառով։ Ղարագյոզյանի խոսքով՝ բազմաթիվ դեպքերում դա պայմանավորված է եղել տվյալների մուտքագրման բացթողումներով կամ այն հանգամանքով, որ երեխան ծնվել է Հայաստանում։ Այժմ, եթե 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ երեխան դեռ 6 տարեկան չի եղել, և դիմումը մերժվել է միայն այդ պատճառով, ապա այն այլևս չի մերժվի, եթե ընտանիքի մյուս անդամների տվյալները համապատասխանում են պահանջներին։

Փոփոխություններ են կատարվել նաև այն ընտանիքների համար, որոնք Երևանին հարակից համայնքներում ձեռք են բերել բնակարան և աջակցության չափի՝ 3 միլիոնից 4 միլիոն դրամ դառնալու հետևանքով ունեցել են դրական մնացորդ։ Եթե նախկինում նրանք արդեն օգտվել էին վերանորոգման վարկից, բայց ամբողջ սահմանաչափը չէին սպառել, այժմ հնարավորություն կունենան երկրորդ անգամ դիմել նույն նպատակով։ Վերանորոգման վարկի առավելագույն չափը շարունակում է կազմել 4 միլիոն դրամ մեկ ընտանիքի համար, իսկ ընտանիքի յուրաքանչյուր վեցերորդ և հաջորդ անդամի համար ավելացվում է 800 հազար դրամ՝ մինչև 8 միլիոն դրամի սահմանաչափ։

Մեկ այլ փոփոխությամբ դրական մնացորդը հնարավոր կլինի օգտագործել նաև անհատական բնակելի տան երկրորդ հարկի կամ նոր շինության կառուցման համար, եթե տունը վերանորոգման կարիք չունի։

Ծրագրում ներառվել է նաև հնարավորություն՝ ընտանիքի անդամների հավաստագրերը միավորելու այն դեպքերում, երբ ընտանիքի մեկ կամ երկու անդամ քաղաքացիության հետ կապված խնդիրների պատճառով դեռ չեն կարողանում ստանալ հավաստագիր։ Այդ դեպքում ընտանիքի մյուս անդամները կկարողանան օգտվել ծրագրից, իսկ ավելի ուշ ստացված գումարը կդիտարկվի որպես դրական մնացորդ և կուղղվի վերանորոգման վարկի, կահույքի և կենցաղային տեխնիկայի ձեռքբերման կամ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնման նպատակներին։

Ղարագյոզյանը նաև հայտնել է, որ ծրագրով կանխավճարը դարձել է պարտադիր և կազմում է հավաստագրով տրամադրվող գումարի 20 տոկոսը, սակայն այն վճարելու է պետությունը։

Նրա ներկայացրած տվյալներով՝ 2026 թվականի մայիսի 25-ի դրությամբ բնակապահովման հավաստագիր ստացել է Արցախից բռնի տեղահանված 6336 ընտանիք, որոնցից 2896-ն արդեն իրացրել են այն։ Նույն օրվա դրությամբ ծրագրի շրջանակում ծախսվել է 3 միլիարդ 851 միլիոն 309 հազար 400 դրամ, որն ուղղվել է հիփոթեքային և վերանորոգման վարկերի մարմանը, գյուղատնտեսական նշանակության հողամասերի ձեռքբերմանը, գործող և հավելյալ հիփոթեքային վարկերի մարմանը, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնմանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։