29 հունիսի 2026 - 18:25 AMT
Գալուզին․ TRIPP-ի նախագիծն անցնելու է ՌԴ կողմից պահպանվող տարածքով, ՌԴ մասնակցությունը միայն օգուտ կտար

TRIPP-ի նախագիծն անցնելու է այն տարածքով, որի անվտանգությունն ապահովում են ռուս և հայ սահմանապահները, ուստի Երևանը ցանկացած դեպքում ստիպված է լինելու հաշվի առնել Մոսկվայի դիրքորոշումը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Թրամփի երթուղին» անցնելու է այն գոտով, որը պահպանվում է ռուս սահմանապահների կողմից, որոնք արդեն տասնամյակներ շարունակ իրենց հայ գործընկերների հետ միասին ծառայություն են իրականացնում Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պահպանության ուղղությամբ։ Հետևաբար, այս կամ այն կերպ անհրաժեշտ կլինի հաշվի առնել Ռուսաստանի կարծիքը, անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև Եվրասիական տնտեսական միության կարծիքը։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին», - ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում։

Դիվանագետը նաև հավելել է, որ «ըստ ամենայնի, ճանապարհը պետք է կառուցվի ռուսական երկաթուղային գծի լայնությանը համապատասխան, որպեսզի ապահովվի անխափան կապը Ադրբեջանի հետ», իսկ «Հայաստանի երկաթուղիները գտնվում են «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կառավարման ներքո, որը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունն է»։

«Հայաստանի տարածքով տարանցումը, ի դեպ, եթե խոսում ենք Եվրասիական տնտեսական միության մասին, պետք է իրականացվի Եվրասիական տնտեսական միության նորմերին և կանոններին համապատասխան, որից Հայաստանը, ինչպես ինքն է հայտարարում, չի ցանկանում դուրս գալ», - նշել է Գալուզինը։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անցկացված եռակողմ հանդիպման արդյունքներով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքն ու Նախիջևանը կապող տրանսպորտային հաղորդակցության ստեղծման մասին համատեղ հռչակագիրը։ Նախագիծը ստացել է «Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» անվանումը։

Ապրիլի 2-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Թրամփի երթուղի» նախագծի իրականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասում ձևավորված տարածաշրջանային հավասարակշռությունը։