29 հունիսի 2009 - 16:08 AMT
Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Ռուսաստանում
Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի միակ երկիրն է, որի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն ՌԴ մաքսային ակադեմիայում: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը:

Հաղորդման համաձայն, այդ մասին պայմանագիրը կստորագրվի մինչ- հաջորդ տարեվերջ` ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 3-րդ նստաշրջանի ժամանակ: Դասընթացները սկսվելու են 2010 թվականի հունվարի մեկին:

Մինչ պայմանագրի ստորագրումը, ուսուցմանն առնչվող որոշ հարցեր առավել հստակեցնելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալվել էր Ռուսասատանի մաքսային ակադեմիայի իրավապահպան գործունեության ինստիտուտի ղեկավար Նիկոլայ Սիմոնովը:

Ն. Սիմոնովը միաժամանակ ներկայացրել է ճգնաժամի պայմաններում մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ու մեխանիզմների կիրառման ծրագիր. «Մաքսանենգության դեմ պայքարն այնքան էլ դյուրին աշխատանք չէ, մաքսային ծառայության աշխատակիցները իրավախախտումների դեմ պայքարի մեխանիզմներին պետք է տիրապետեն ամբողջությամբ, իսկ դրա համար լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ»,- նշել է Ն.Սիմոնովը: