
«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո:
«Օրինականությունը պետք է տեղի ունենա և պետք է լինի տրամաբանության սահմաններում։ Ապօրինի գույքի բռնագանձման վճիռները հերթով մտնում են օրինական ուժի մեջ»,- ասել է վարչապետը, գրում է Radar Armenia-ն:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են նոր խնդիրների պատճառ դառնալ։ Այդ համատեքստում վարչապետը հիշեցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված դեպքը։
«Եկեք՝ այսօր բաներ չանենք․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքն եմ ուզում հիշեցնել։ Ես Կապանում զգուշացրել էի՝ այն մարդիկ, որոնք պատվերով գործեր են անում, ազատվելու են աշխատանքից։ Հունիսին ասացի, օգոստոսին ազատված էին, մի մասն էլ դատվել է»,- հիշեցրել է վարչապետը։
Փաշինյանը նաև դիմել է «Արարատցեմենտի» աշխատակիցներին՝ կոչ անելով չներքաշվել նման գործընթացներում, որպեսզի հետագայում նույն իրավիճակը տարիներ շարունակ չկրկնվի։
«Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ կամ մարդկանց վրա ճնշում կգործադրեն, կհեռացվեն գործից։ Այո՛, սպառնում եմ, ըստ էության»,- նշել է վարչապետը։
«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել գործարանի տարածքի մոտ՝ նշելով, որ անհանգստացած են իրենց ապագայով, քանի որ շատերն ունեն վարկային և ապառիկ պարտավորություններ։ Արդեն չորրորդ օրն է, ինչ գործարանի դարպասները կապարակնքված են, իսկ աշխատակիցները, փաստացի, հայտնվել են հարկադիր պարապուրդում:
«Արարատցեմենտի» աշխատակիցները բողոքի ակցիայի ընթացքում բացել են գործարանի դարպասները ու ներս մտել` շարունակելու իրենց աշխատանքը։ Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակի, թող նշանակի, բայց իրենք պետք է կատարեն իրենց աշխատանքն ու չտուժեն այդ գործընթացից։