
Հուլիսի 15-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հյուրընկալել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին՝ Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսին, EU4Sevan+ ծրագրի ղեկավար Նիլս Թևսին, խորհրդատուներ Մարտին Յեգերին, Կարապետ Օհանյանին։
Այցի նպատակն է եղել ներկայացնել և քննարկել Վարդենիս համայնքում բնահեն լուծումների կիրառմամբ կեղտաջրերի ապակենտրոնացված մաքրման համար ընտրված տարածքները, ինչպես նաև շահառու կողմերի հետ համակարգել ծրագրի իրականացման հաջորդ քայլերը։
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել այցելության և արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն են ունեցել համայնքի կայուն զարգացման, շրջակա միջավայրի պահպանության և Սևանա լճի էկոհամակարգի պահպանման գործում։
EU4Sevan+ ծրագիրը (Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման) միտված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը և ջրի որակի բարելավմանը։ Այն համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի կողմից, իրականացվում է GIZ-ի միջոցով ու համակարգվում ՀՀ ջրային կոմիտեի հետ։