16 հուլիսի 2026 - 11:18 AMT
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության նախկին տնօրենի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարան

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից, տեղեկացնում է «Հետքը»:

2025 թվականի օգոստոսի 15-ին Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։

Այս քրեական վարույթը վերաբերում է «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ից 1.5 մլրդ դրամ ներդրում ստացած «Սի Էֆ Դաբլյու» ընկերությանը։ «Հետքը» պարզել է, որ ընկերության տնօրեն Կարինե Անդրեասյանը Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 %-ը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։

«Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ն պետք է կիբեռանվտանգության ոլորտի մասնագետներ պատրաստեր պետական և մասնավոր կազմակերպությունների համար։ Սակայն ծրագիրը ձախողվել է։

Դավիթ Փափազյանի, Բելլա Մանուկյանի և Կարինե Անդրեասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, փաստաթղթերի կեղծման և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածներով։ Դավիթ Փափազյանի նկատմամբ 2025 թվականի սեպտեմբերից հայտարարվել է միջազգային հետախուզում։

Դատախազությունից նաև հայտնել են, որ այս վարույթի նախաքննությունը դեռևս շարունակվում է, և նոր մեղադրյալներ չկան։ Սակայն քրեական վարույթից անջատված մասով՝ Բելլա Մանուկյանի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է դատարան։

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանը գործը ստացել է 2026 թվականի հուլիսի 10-ին։ Նույն օրը այն մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։