16 հուլիսի 2026 - 13:53 AMT
Միրզոյան․ TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 %-ը, ՀՀ-ին՝ 26 %-ը

Կառավարությունը սկսել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացման գործընթացը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով ուղարկելու հարցը։

«Մենք սկսում ենք ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու գործընթացը։ Որոշման ընդունմամբ մենք նախագիծը սահմանված կարգով կուղարկենք ՍԴ»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, գրում է Radar Armenia-ն:

Նախարարի խոսքով՝ «TRIPP զարգացման ընկերությունը» կստանա նշված գոտիներում հողօգտագործման և կառուցապատման իրավունք, որը կգործի նախնական 49 տարի։ Այդ ժամանակահատվածում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն այնպես, որ 74 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։

Նա հավելել է, որ 49-ամյա նախնական ժամկետիավարտից հետո կողմերի համաձայնությամբ հնարավոր կլինի այն երկարաձգել ևս 50 տարով, որի դեպքում կապահովվի, որ Հայաստանի մասնաբաժինը կազմի 49 տոկոս։

«Այս ժամկետում ընկերության բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ՝ ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74 տոկոսը, ՀՀ-ին՝ 26 տոկոսը։ Այս նախնական ժամկետի՝ 49 տարին լրանալուց հետո հնարավորություն կա կողմերի համաձայնությամբ երկարաձգել համաձայնության ժամկետը ևս 50 տարով, և այս դեպքում կապահովվի, որ ՀՀ-ն ունենա ընկերության բաժնեմասերի 49 տոկոսը»,- ասել է նախարարը։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը կպահպանի իր ամբողջական ինքնիշխանությունն ու լիարժեք իրավազորությունը պետական սահմանի կառավարման, սահմանային վերահսկողության, մաքսային վարչարարության և երկրի տարածքում իրականացվող բոլոր մաքսային գործընթացների նկատմամբ։

«ՀՀ-ն իր ներպետական օրենսդրությամբ, միջազգային համաձայնագրերին համահունչ, կշարունակի պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային վերահսկողություն ու սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն վերահսկողություն, հարկերի ու տուրքերի փոխանցում պետբյուջե և պետական տեղեկատվական համակարգերի գործարկում, պՊետական վարչական գործառույթներ և վերահսկողություն:

«Ամբողջ գործընթացը՝ և՛ ընկերությունը և՛ հետագա գործունեությունը և այս համաձայնագիրն ամբողջությամբ համահունչ է և իրականացվում է ՀՀ-ի ինքնիշխանության իրավազորության և տարածքային ամբողջականության լիարժեք հարգմամբ»,- ասել է Միրզոյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու ԱՄՆ-ն կհիմնադրեն ԹՐԻՓՓ ընկերությունը, որը հնարավորություն կունենա Հայաստանի տարբեր տարածքներում ստեղծել այլ նշանակության ընկերություններ, ներգրավել գործընկերների և ստանալ հողօգտագործման ու կառուցապատման իրավունք:

Միրզոյանը խոսել է նաև ֆրոնտ-օֆիս և բեք-օֆիս կառավարման տարբերակի մասին՝ նշելով, որ այն ընդունված պրակտիկա է և նախկինում ևս կիրառվել է Հայաստանում։

Հուլիսի 16-ին Կառավարության նիստում գործադիրը հավանություն է տալու Վաշինգտոնում 2026 թվականի հունիսի 1-ին և Երևանում 2026 թվականի հունիսի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարա­կան համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Սկսվում է Սահմանադրական դատարան դիմելու և վավերացման գործընթացի փուլը: Մինչ խորհրդարանում վավերացումը, կառավարությունը փաստաթուղթը կուղարկի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։