21 հուլիսի 2026 - 17:01 AMT
ԿԸՀ-ն կքննի Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը։

Դատախազությունը Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ է միջնորդություն ներկայացրել, հայտնում է Aysor.am-ը:

Հուլիսի 21-ին ժամը 17։00–ին, ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ դատախազության միջնորդությունը կքննարկեն և կորոշեն` համաձայնություն տալ, թե ոչ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սա քաղաքական հետապնդման օրինակ է։

«Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է»,- նշել է նա։

Թե ինչ հոդվածով է Դատախազությունը ցանկանում որպես մեղադրյալ ներգրավել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Նարեկ Կարապետյանին և ինչու մինչ այժմ նրան մեղադրանք չի ներկայացվել, եթե դրա անհրաժեշտությունն, ըստ էության, առաջացել է դեռ մեկ ամիս առաջ, Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարել, գրում է Factor.am-ը:

Գերատեսչությունից հայտնել են. «Նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»։

Այն ժամանակահատվածում, երբ Սահմանադրական դատարանը դեռ վերջնական որոշում չէր կայացրել Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, Դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու թույլտվություն ստանալու նպատակով, սակայն ԿԸՀ-ն ծանրաբեռնվածության պատճառով չի քննարկել դիմումը։

Հուլիսի 8-ի նիստում ԿԸՀ-ն որոշել է վերադարձնել Դատախազության դիմումը՝ հիմնավորելով, որ Նարեկ Կարապետյանն այլևս պատգամավորի թեկնածու չէ, հետևաբար հանձնաժողովն իրավասու չէ քննելու նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։

Այսպիսով, ստեղծվել է իրավիճակ, երբ Դատախազության՝ Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԿԸՀ-ին դիմելու պահին նա օգտվելիս է եղել անձեռնմխելիության երաշխիքներից, սակայն այն պահին, երբ ԿԸՀ-ն հարցը դրել է նիստի քննարկմանը, Կարապետյանն արդեն անձեռնմխելի չի եղել, ինչի հետևանքով հանձնաժողովը որոշել է վերադարձնել Դատախազության դիմումը։

Սա նշանակում է, որ առկա է Նարեկ Կարապետյանին քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավելու անհրաժեշտություն, սակայն արդեն մեկ ամսից ավելի է՝ նա որպես մեղադրյալ չի ներգրավվել։

Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով Նարեկ Կարապետյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր և հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։ Անձեռնմխելիություն ունի նաև Ազգային ժողովի պատգամավորը։

«Չի բացառվել, որ Դատախազությունը դիմի արդեն նորընտիր Ազգային ժողովին՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Եթե գործընթացները զարգանան այդ սցենարով, ապա Ազգային ժողովի կայքում կհրապարակվի այն ենթադրյալ արարքը, որը վերագրվում է Նարեկ Կարապետյանին, և հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ այն նախաքննական գաղտնիքին, որի վերաբերյալ Դատախազությունը տեղեկություն չի տրամադրում»,-ասվում է հրապարակման մեջ:

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: