30 հունիսի 2009 - 13:53 AMT
Մինսկում անցնում է ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը
Այսօր Մինսկում տեղի կունենա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կանոնադրական եւ այլ մարմիններում ԱՊՀ երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը: Նիստում կքննարկվի հոկտեմբերի 8-9-ին Քիշնեւում կայանալիք ԱՊՀ ԱԳՆԽ եւ Համագործակցության նախագահների խորհրդի նիստերի օրակարգը:

Օրակարգի առաջին կետը ԱՊՀ անդամ երկրների Հումանիտար համագործակցության խորհրդի գործունեության մասին հարցն է, որը ստեղծվել է 2006թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ: Համաձայնագիրը ստորագրել են 11 պետությունների ղեկավարներ, բացառությամբ Թուրքմենստանի:

Բացի այդ, մշտական ներկայացուցիչների խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ Գործադիր կոմիտեի առաջարկությունը` ԱՊՀ անդամ երկրների դպրոցներում ԱՊՀ-ին նվիրված միասնական դասի անցկացման վերաբերյալ, որի շրջանակներում դպրոցականները կհամալրեն իենց գիտելիքները կազմակերպության գործունեության եւ երկրների համագործակցության մասին, հաղորդում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամլո ծառայությունը: