27 հուլիսի 2026 - 18:06 AMT
Պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության 21,245 խախտում, 481 ոչ սթափ վարորդ

Հուլիսի 20-27-ը Երևանի և մարզերի պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված ծառայության ընթացքում ընդհանուր առմամբ արձանագրել են 21,245 խախտում, հայտնաբերել 481 ոչ սթափ վարորդ։

Մայրաքաղաքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում։ Նույն ժամանակահատվածում 235 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Երևանում արձանագրվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 163 դեպք։ Առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու 135 դեպք է հայտնաբերվել, իսկ հաշվառման համարանիշների հետ կապված խախտումների թիվը կազմել է 43։

Ամրագոտի չկապելու 1044 դեպք է արձանագրվել, իսկ առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու համար՝ 29 խախտում։ Մեքենա վարելու ընթացքում ծխելու 581, հեռախոսից օգտվելու՝ 308 դեպք է հայտնաբերվել։ Բացի այդ, արձանագրվել է հետիոտների կողմից ճանապարհը ոչ սահմանված վայրում հատելու 10 դեպք։

Երևանում հայտնաբերվել է նաև ԱՊՊԱ պայմանագիր չունեցող 18 և տեխնիկական զննություն չանցած 85 մեքենա։ Լուսարձակների անսարքություն է արձանագրվել 96 տրանսպորտային միջոցի մոտ, իսկ 72 մեքենայի դիմապակին և կողային ապակիները եղել են թաղանթապատված։

Տարբեր կասկածանքների հիմքով Երևանի համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 42 անձ։

Մարզերում պարեկները նույն ժամանակահատվածում արձանագրել են 16,187 խախտում, ինչը զգալիորեն գերազանցել է մայրաքաղաքի ցուցանիշը։ Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 217 մեքենա։

Մարզերում հայտնաբերվել է 318 ոչ սթափ վարորդ։ Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 426 դեպք է արձանագրվել, իսկ հաշվառման համարանիշների հետ կապված՝ 68 խախտում։

Ամրագոտի չկապելու դեպքերի թիվը կազմել է 4786, իսկ առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու դեպքերինը՝ 325։ Մեքենա վարելիս ծխելու համար արձանագրվել է 611 խախտում, հեռախոսից օգտվելու համար՝ 724։ Հետիոտների կողմից ճանապարհը ոչ սահմանված վայրում հատելու 58 դեպք է հայտնաբերվել։ Արագության սահմանված չափը գերազանցելու դեպքերի թիվը կազմել է 2752։

Մարզերում հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի 57 և տեխնիկական զննություն չանցած 475 մեքենա։ Լուսարձակների անսարքություն է հայտնաբերվել 584 մեքենայի մոտ, իսկ ապակիների թաղանթապատման հետ կապված խախտումներ՝ 146 մեքենայի դեպքում։

Բացի այդ, 18 վարորդ տուգանվել է ավտոմեքենայում սահմանված ստանդարտներին չհամապատասխանող լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Տարբեր կասկածանքների հիմքով մարզերի ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել ևս 54 անձ։